Մերձավորարևելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է, որն «ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում։ «Պաղեստինա-իսրայելական հակամարտության չկարգավորվածությունը ապակայունացնող ազդեցություն է թողնում ողջ տարածաշրջանի վրա։ Ճգնաժամը Գազայի շուրջ դարձել է լիբանանա-իսրայելական առճակատման կատալիզատոր»,- հայտարարել է նա։               
 

ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ
10.11.2009 | 00:00

ԵՍԱՅՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Ի գլուխ Հին Կտակարանի չորրորդ և վերջին մասի` 16 մարգարեական գրքերի, զետեղված է մեծագույն մատենագիր մարգարե Եսայու աստվածային գրվածքը։
Ով էր Եսայու հայրը (ըստ գրքի մակագրի՝ Ամոսը), անհայտ է: Գրքի տեղեկությունների համաձայն՝ Եսային ապրել է Երուսաղեմում, և այս հանգամանքով է զգալի չափով պայմանավորված նրա քաջատեղյակությունը մայրաքաղաքային կյանքի անցուդարձին: Նա սեփական տուն ուներ, ամուսնացած և երեխաների հայր էր: Իր կնոջը անվանում է մարգարեուհի (Ը 3): Նրա որդիներն իրենց անուններով խորհրդանշաբար կանխասում էին Աստծու դատաստանը, որին պիտի մատնվեին Հուդայի և Իսրայելի թագավորությունները (Է 3, Ժ 20, Ը 3, 18), մինչդեռ մարգարեի անունն Աստծու ընտրյալներին սպասող փրկության խորհրդանիշն էր (Եսայի = Աստծու փրկություն): Տակավին երիտասարդ` նա ն. Ք. 740 թ. մարգարեական ծառայության է կանչվում Աստծու կողմից, իսկ գործունեությունը տևում է ոչ պակաս, քան քառասուն տարի: Նրա՝ պատմության ասպարեզ իջնելը համընկնում է Հուդայի թագավորության ծաղկման երկարատև շրջանին Հովասի օրոք (կամ Ազարիայի, տե՛ս Դ Թագ. ԺԴ 8, 21-22): Սրա ժամանակ ծաղկում է շռայլությունն ու ի հայտ գալիս կալվածատերերի խավը, որը զավթում էր բոլոր հողերն ու է՛լ ավելի ընչազրկում աղքատներին: Մարգարեն ի զորու էր միայն քննադատելու այն, ինչը, ըստ նրա, հակասում էր Աստծու կամեցած արդարությանը, և նախազգուշացնելու Նրա զայրույթի մասին: Դրանից մի քանի տարի առաջ Ամոսն արդեն ուղղել էր նույն խոսքը Սամարիայի բնակիչներին (750 թ.):
Ոմանք ենթադրում են, որ Եսային թագավորական ընտանիքի մերձավորներից էր, սակայն նրա իշխանության աղբյուրը նախ և առաջ իր մարգարեական առաքելությունից էր բխում: Նրան հարում էին խորհուրդներ ստանալու համար, բայց, այնուամենայնիվ, մարգարեին հավատարիմ է մնում փոքրամասնությունը: Կրոնի պաշտոնական ներկայացուցիչները՝ քահանաներն ու մարգարեները, չէին լսում, նույնիսկ խիստ ծաղրում էին նրան: Աստվածաշունչը նրա վախճանի մասին ոչինչ չի հայտնում, սակայն, ըստ թալմուդական ավանդության, որն ընդունում են նաև Եկեղեցու Հայրերը, Եսային Հուդայի ամբարիշտ թագավոր Մանասեի հրամանով մարտիրոսական մահվան է մատնվել (Երեմիայի մարգարեության Բ 30 տեղին կարելի է դիտարկել իբրև այդ դեպքի ակնարկ)։ Հայսմավուրքը նույնպես այդ է վկայում։
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Մարգարեի առաքելությունը սերտորեն առնչվում է նրա անձի ու այն պայմանների հետ, որոնք մղում են նրան՝ ծավալելու իր գործունեությունը. Եսային միշտ խոսում է որոշակի իրադարձությունների պարագայում, և դրանց պատճառով նրա դիրքորոշումը ելնում է իր ժողովրդի առօրյայից: Եվ հնարավոր չէ այս առաքելության բովանդակությունը հանրամատչելիորեն շարադրել՝ առանց նրա ինքնատիպությունը հասկանալու:
Աստված, ըստ նրա, սուրբ է, բայց այս Սուրբ Աստված Իսրայելի Սուրբն է, այսինքն՝ Նա կամենում է միավորվել Իր ժողովրդի հետ: «Իսրայելի Սուրբ» արտահայտությունն այս գրքից դուրս խիստ հազվադեպ է գործածվում, և սխալ չի լինի, եթե մենք այն համարենք Եսայու աստվածաբանական մտածողության տարբերակիչ առանձնահատկություններից մեկը: Աստծու այս Սրբությունը նախանձախնդիր է. Նա չի կամենում կուռքերի ընկերակցությունը թե՛ կրոնական անդաստանում և թե քաղաքական ոլորտներում: Մարդը պետք է (քանի որ Եսայու պարտավորությունն իր ժողովրդի առաջ բնավ չի ժխտում բովանդակ մարդկությանը նայելուն) գիտակցի այս ճշմարտությունը, որը մերժում է միայն անմիտը, և ապրի ըստ նրա պահանջների: Ինչպիսին էլ լինեն հանգամանքները, պետք է հրաժարվել ամբարտավանությունից, կռապաշտությունից՝ իր բոլոր տեսակներով, գաղտնի հնարքներին ապավինելուց, որոնց միջոցով մարդը կարծում է, թե խույս կտա Աստծու ամենատես հայացքից:
Այս Բարձրյալ Աստծու համար պատմությունը չի ընթանում աշխարհի պատմությունից մեկուսի, թեպետ միշտ չէ, որ համահունչ է նրան: Աստծու ծրագիրը կամ Նրա խորհուրդը, որին բազմիցս անդրադարձել է Եսային, անիմանալի Աստծու ծրագիրն է, որը հաճախ է մեզ շփոթեցնում, և որը մենք չենք հասկանում:
Մարգարեն, անտարակույս, խորապես համոզված է Աստծու ծրագրի գերակայության մեջ, թեպետ մեծ կարևորություն է տալիս ոչ միայն մարդկանց գործունեությանը, այլև նրանց նախաձեռնություններին. մարդիկ երբեք չեն փրկվի ու չեն դատապարտվի հակառակ իրենց կամքի: Այս ամենն իր մեջ է ներառում «հավատ» բառը, և դա այն մշտական դիրքորոշումն է, որին Եսային իր ժողովրդին շարունակաբար կոչ է անում հավատարիմ մնալ: Դա հզոր հավատն է, թեև գրեթե թվում է, թե այն տրամաբանական չէ ու հակասում է հասարակական կարծիքին, ինչպես դա տեղի ունեցավ եփրեմյան-ասորական պատերազմում. «Եթե չհավատաք», այսինքն՝ եթե սառնասիրտ չլինեք, ապա «չեք էլ հանգստանա», այսինքն՝ խաղաղություն չեք ստանա (Է 9): Սակայն այս զորավոր հավատքը հիմնվում է հանգստության և խոնարհ վստահության վրա (Լ 15):
Մարդուց պահանջվող այս վճռական զորությունը պետք է հենվի Աստծու՝ Իր իսկ Սրբության և Իր թագավորության հաստատման մտադրության մասին տված նշանների վրա (տե՛ս Տիրոջ գիտությամբ ամբողջ երկիրը լցվելու թեման, ԺԱ 9): Երկնային գահն ունի իր նմանակը. դա Երուսաղեմում հաստատված Դավթի գահն է: Իրոք, Եսային արմատներ է արձակել դավթյան ավանդության մեջ. եթե ընդհատվի դինաստիական հաջորդական շարքը, ապա, ըստ նրա, մնում է, որ ապագայի իդեալական թագավորը հավիտյանս հավիտենից լինի Դավթի որդիներից մեկը, քանզի նրա մեսիականությունը թագավորական մեսիականություն է: Դավթի հարստությունը՝ դինաստիան, հաստատված է Երուսաղեմում, իսկ Երուսաղեմը ոչ միայն Հուդայի, Իսրայելի ու հին դավթյան թագավորության կենտրոնն է, այլև, ըստ Եսայու ու նրա նախնիների հին ավանդության, աշխարհի կենտրոնը, դեպի ուր շարժվելու են բոլոր ժողովուրդները (Բ 1-6): Իրոք, Դավիթն ու Երուսաղեմը մարգարեի առաքելության երկու գլխավոր թեմաներն են, որոնց մասին նա ցայսօր հիշեցնում է իր ունկնդիրներին:
ԵՍԱՅԻ ՄԱՐԳԱՐԵԻ ԳԻՐՔԸ
Մարգարեի գիրքը բաղկացած է նրա խոսքերի մի քանի առանձին ժողովածուներից: Ո՞վ է վերջնականապես խմբավորել մարգարեի խոսքերն այդ ժողովածուների մեջ՝ անհայտ է: Մարգարեի բոլոր այս ճառերը դասավորված են ոչ թե խիստ ժամանակագրական, այլ, ավելի շուտ, սիստեմատիկ կարգով: Ըստ բովանդակության` գիրքը կարելի է երկու մասի բաժանել: Առաջինը՝ Ա-ԼԹ գլուխները, առավելապես տոգորված է քննադատական ոգով, երկրորդը՝ Խ-ԿԶ գլուխները, գրեթե բացառապես մխիթարական խոսքեր է պարունակում Իսրայելի ժողովրդին՝ գալիք բաբելոնյան գերության կապակցությամբ:
Առաջին մասում մարգարեն հանդիմանում է հրեաներին, որ նրանք, հիմնականում Աքազի օրոք, խուսափում էին Աստծու կամքը կատարելուց: Եսային իր ունկնդիրների առաջ վառ գույներով է պատկերում նրանց երախտամոռությունն իրենց Բարերարի՝ Տիրոջ նկատմամբ, նրանց՝ հեթանոսներին ամբարշտության մեջ ընդօրինակելը և նույնիսկ կռապաշտությունը (Բ 20, ԺԷ 8, Լ 22, ԼԱ 7), անհավատությունն աստվածային հայտնության նկատմամբ (ԻԹ 9 և հաջորդ համարներ), Մովսեսի օրենքի պահանջների մակերեսային, արտաքին կատարումը՝ կատարյալ անբարոյականությամբ հանդերձ (Ա 10 և հաջորդ համարներ), մերձավորի նկատմամբ ազնվության և արդարության պակասը, փոխադարձ սիրո և աղքատի նկատմամբ գթասրտության բացակայությունը: Մարգարեն հատկապես ձաղկում է այս աշխարհի մեծամեծներին, ովքեր բացահայտ կերպով խախտում էին Աստծու ճշմարտության պահանջները (Ա 16 և հաջորդ համարներ, Ե 23, Ժ 1, ԼԲ 5-7, ԼԳ 1-5): Հուդայի կառավարողների քաղաքականությունը, ովքեր իրենց պետության փրկությունը տեսնում էին հզոր հեթանոսական տերությունների հետ դաշինքի մեջ, նույնպես ենթարկվում է խիստ քննադատության (Ը 6 և հաջորդ համարներ, Լ 1 և հաջորդ համարներ, ԼԹ 1 և հաջորդ համարներ):
Իսրայելի ժողովրդի այլասերության պատճառով մարգարեն նրան սպառնում է Աստծու դատաստանով, որն ի կատար են ածելու հեթանոս ժողովուրդները, կանխասում է իսրայելական երկրի ամայացում և հրեաների արտաքսում (Զ 11, Ե 13, ԺԷ 9), ընդ որում, հստակ կերպով խոսում է նաև Երուսաղեմի գրավման, Սամարիայի մոտալուտ անկման և հրեաների բաբելոնական գերության մասին, որը տեղի ունեցավ շուրջ մեկուկես դար անց (ԼԹ 5 և հաջորդ համարներ):
Մյուս կողմից, սակայն, գրքի նաև այս մասում քիչ չեն իսրայելացու սրտի համար սփոփիչ մարգարեությունները. մե՛րթ այստեղ, մե՛րթ այնտեղ ապագայի խավարի միջից Իսրայելի համար բացվում են նաև լուսավոր հեռանկարներ: Մարգարեն նկարագրում է, թե ինչպես է Իսրայելը հառնում ասորեստանյան ասպատակությամբ պայմանավորված խոնարհությունից: Ահա հեռու-հեռվում ուրվագծվում է իսրայելացի ժողովրդի նոր Իշխանը՝ Մեսիան: Նա մարմնով սերելու է Դավթից, բայց հոգևոր բնությամբ Աստված է: Իր իշխանությունը Նա կսփռի բովանդակ աշխարհում: Սակայն և մոտ ապագայում Իսրայելը, ըստ Եսայու մարգարեության, կարող է արժանանալ Աստծու ողորմություններին:
Երկրորդ մասն իրենից ներկայացնում է ներդաշնակ ու ավարտուն մի ամբողջություն: Այն բաժանվում է երեք բաժինների, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է ինը գլուխներից: Առաջին երկու բաժինները բովանդակում են իննական ճառեր, իսկ վերջինը՝ հինգ: Այս բոլոր 27 գլուխների խնդրո առարկան է Իսրայելի, ապա հանուր մարդկության քավության ժամանակաշրջանը, որն սկսվում է Իսրայելի՝ բաբելոնյան գերությունից ազատագրումով և ժամանակագրորեն հասնում մինչև աշխարհի Ահեղ Դատաստանը: Առաջին բաժնում (Խ-ԽԸ գլուխներ) մարգարեն գլխավորաբար նկարագրում է Իսրայելի ազատագրումը բաբելոնյան գերությունից և դրա պատճառ հանդիսացած Կյուրոս արքային, ընդ որում, տեղ-տեղ շոշափում է Իսրայելի բարոյական ազատագրումը մեղքի իշխանությունից, որ տեղի է ունենում շնորհիվ Տիրոջ խոնարհ Ծառայի՝ Մեսիայի միջամտության: Երկրորդ բաժնում (ԽԹ-ԾԲ) մարգարեի ուշադրությունը գամված է Տիրոջ խոնարհ Ծառայի՝ Մեսիայի վրա, ՈՒմ՝ մարդկանց մեղքերի համար կրած տառապանքներն այստեղ նկարագրված են շշմեցուցիչ ուժով ու հստակությամբ: Երրորդ բաժնում (ԾԳ-ԿԶ) մարգարեն նկարագրում է Նրա փառավորումը: Խոնարհ Ծառան միաժամանակ և՛ քահանայապետ է, և՛ թագավոր, և՛ մարգարե: Նա դատում է աշխարհը և նոր, առավել լավ կյանք ստեղծում:
Վերը շարադրվածից պարզ է դառնում, թե որոնք են Եսայու մարգարեական հայեցողության առանձնահատկությունները: Եթե Եսային, մի կողմից, բավական հանգամանալից կերպով է մեկնաբանում իսրայելացի ժողովրդի ներքին ու արտաքին կյանքի՝ իրեն ժամանակակից երևույթները, ապա, մյուս կողմից, նրա հայացքը նույնքան շահագրգիռ ձևով ուղղված է նաև հեռավոր ապագային, որը նրա համար ամենևին ծածկված չէ ներկայից անթափանց վարագույրով: Նրա համար թե՛ ներկան և թե՛ ապագան մի են՝ անդադար զարգացող ամբողջություն, իսկ ընթացիկի և գալիքի միջև առկա միանման աղերսներն ու երևույթները մարգարեի աչքերի առաջ հառնում են իբրև վիթխարի լուսային էկրանի վրա միաժամանակ արտացոլվող համայնապատկեր: Նրա հայացքը ապագայի ամենահեռավոր իրադարձությունից կայծակի արագությամբ ուղղվում է մոտ ապագայի հանգամանքներին, այստեղից էլ՝ նորից դեպի հեռավոր ապագա: Եթե այս ամենը, այնուամենայնիվ, Եսայու մարգարեական հայեցողության առանձնահատկությունը չէ, ապա համենայն դեպս նրա տարբերակիչ այս գծերն ի հայտ են գալիս առանձնահատուկ ուժով ու հստակությամբ:
Եսային մեսիական ժամանակների գալիք իրադարձությունները միշտ կանխասել է նրանց վսեմ նշանակությանը համապատասխանող արտահայտություններով (Փրկչի ծնունդը կույսից (Է գլուխ) և Նրա տառապանքն ու մահը (ԾԳ գլուխ): ՈՒստի սուրբ Հերոնիմոսը Եսայուն անվանում է ոչ միայն մարգարե, այլև ավետարանիչ ու առաքյալ: Նրա մասին նույն կերպ են արտահայտվում նաև սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին և Օգոստինոս Երանելին: Եսայու գիրքը, շնորհիվ այսպիսի նշանակության, առաջին տեղն է զբաղեցնում մարգարեական գրվածքների շարքում ինչպես արդի հրեական Աստվածաշնչում, այնպես էլ Յոթանասնիցում։
ՄԵՍԻԱԿԱՆ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Քրիստոսի ծնունդը
Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրա անունը պիտի լինի Էմմանուել (7.14)։
Կատարում
Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ. Նրա մայրը` Մարիամը, որ Հովսեփի նշանածն էր, նախքան նրանց` իրար մոտենալը, Սուրբ Հոգուց հղիացած գտնվեց (Մատթ. Ա 18-23)։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ
Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՛ք մեր Աստծու շավիղները։ Բոլոր ձորերը պիտի լցվեն և բոլոր լեռներն ու բլուրները պիտի ցածրանան, դժվարին տեղերը պիտի դյուրին դառնան և առապարները` դաշտեր։ Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մի մարմնավոր պիտի տեսնի Աստծո փրկությունը, քանզի Տե՛րը խոսեց (Եսայի 40 3-5)։
Կատարում
Այն օրերին Հովհաննես Մկրտիչը գալիս է քարոզելու Հրեաստանի անապատում և ասում. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է»։ Սա՛ է այն մարդը, որի մասին Եսայի մարգարեի բերանով ասվեց (Մատթ. Գ 1-3)։
ՀԻՍՈՒՍԻ ՕԾՈՒՄԸ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ
Տիրոջ Հոգին Ինձ վրա է, դրա համար ուղարկեց Ինձ` ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին` տեսողություն... (61.1)։
Կատարում
Դուք ինքներդ գիտեք այդ խոսքը, որը տարածվեց Գալիլիայից սկսած ամբողջ Հրեաստանում այն մկրտությունից հետո, որը քարոզեց Հովհաննեսը. գիտեք Հիսուսին, որ Նազարեթից էր, ՈՒմ Աստված օծեց Սուրբ Հոգով և զորությամբ, և Ով շրջեց բարիք անելով և սատանայից բոլոր բռնվածներին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր» (Գործք Ժ 37-38)։
Ծնթ.- Հրեաները հնում իրենց թագավորներին, քահանաներին ու մարգարեներին օծում էին մյուռոնով` օծման սուրբ յուղով, ինչը Սուրբ Հոգու շնորհների փոխանցման համար էր և խորհրդանշում էր այդ անձանց առանձնահատուկ աստվածային նվիրումը։ Օծյալ էին կոչվում նաև նրանք, ում Աստված ընտրում էր որպես իր կամքի գործակատարներ աշխարհում, ինչպես պարսից Կյուրոս թագավորի պարագայում էր։ Իմաստի լիությամբ, սակայն, Օծյալը (Եբր. «Մեսիա» բառն է, որ հույները թարգմանեցին Խրիստոս, որտեղից էլ ունենք հայերեն Քրիստոսը) մարգարեների շուրթերով խոստացյալ փրկչի` Աստծո Որդու տիտղոսն է, ինչն ակնհայտորեն մատնանշում է Նրա` թագավորի, քահանայի ու մարգարեի հատկանիշներ ունենալը։ Հիսուսի օծումը, սակայն, նյութեղեն չէր, այլ Սուրբ Հոգով։ Ս. Հ. Ոսկեբերանն այս կապակցությամբ գրում է. «Աստված և ոչ մարդիկ, ոչ յուղով, այլ Հոգով և զորությամբ [օծեց], քանզի եթե յուղով մարդկանց կողմից օծվեր, գերիվեր չէր լինի, քան մյուս օծյալները»։ Ավետարանի տարածմանը զուգահեռ այս բառը հատուկ անունի նշանակություն ձեռք բերեց, և սկսեց գործածվել ավելի հաճախ, քան Փրկչի Հիսուս մարդկային անունը։
Տպագրության պատրաստեց Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 3827

Մեկնաբանություններ